Սիրելի՛ ծնողներ,
ներկայացնում ենք մի քանի կարճ կանոն, որոնց համատեղ պահպանման միջոցով կարող ենք երեխային ազատել տակդիրից։
Արդյո՞ք պատրաստ է երեխան
Ստորև ներկայացնում ենք այն հուշող դրույթները, որոնք կկողմնորոշեն, արդյո՞ք երեխան պատրաստ է հրաժարվելու տակդիրից, թե ոչ․
• Երեխան գիշերները և ցերեկներն արթնանում է չոր տակդիրով,
• Օրվա ընթացքում նույնպես երեխայի տակդիրը մոտ երկու ժամ չոր է մնում,
• Երեխայի 18 ամսականը բոլորել է (համապատասխան զսպման մկանները զարգացած են),
• Կարող է հանգիստ նստել 2-5 րոպե,
• Հասկանում է պարզ հրահանգներ,
• Հարմարավետ չի զգում, երբ ներքնազգեստը թրջվում, կեղտոտվում է, փորձում է հանել, խնդրում է փոխել։
Ցանկալի նախանշաններ
• Կարող է ինքնուրույն իջեցնել և բարձրացնել ներքնազգեստը,
• Որոշ նշաններով ցույց է տալիս, որ կարիք ունի և տակդիրը շուտով լցնելու է կամ արդեն լցրել է,
• Կտրուկ չի մերժում պետքարան գնալու փորձերը։
Ցուցումներ
1. Ցուցադրում․ այո՛, ճիշտ հասկացաք, երեխային անհրաժեշտ է օրինակ։ Ձեր աշխատանքը բավականին կթեթևանա, եթե երեխան ունի քույր, եղբայր կամ հաճախում է մանկապարտեզ։ Շատ երեխաներ սովորում են՝ տեսնելով։ Կարող եք դերային խաղի միջոցով ցուցադրել նաև տիկնիկների օրինակով։
2. Եղե՛ք հետևողական, համբերատար։ Հարկավոր է փորձել հաճախակի, կրկնելով գործընթացը՝ այն վերածել դերային խաղի (փոքրիկն իր տիկնիկին է նստեցնում, վարտիք հագցնում, որևէ խաղալիք լողացնում է, իսկ դուք այդ ընթացքում փորձում եք, խոսում, ստեղծում համապատասխան մթնոլորտ)։ Խաղի վերածելու առումով անհրաժեշտ է լինել հնարամիտ և ստեղծագործ, խաղալ երեխայի հետ նույնպես։
3. Եղե՛ք կայուն, եթե որոշել եք ազատվել տակդիրից և երեխան արդեն հագնում է ներքնազգեստ, ջանացե՛ք հետ քայլ չկատարել (եթե հակացուցում չկա, կամ երեխան սթրես չի տանում)։
4. Եղեք մեղմ․ երեխային նախատելը կարող է հանգեցնել բավականին բարդ ֆիզիոլոգիական և հոգեբանական խնդիրների։ Եթե չի ստացվում, զրուցե՛ք, ներշնչե՛ք փոքրիկին, որ հաջորդ անգամ կստացվի, հոգ չէ և այլն։
5. Խոսքը և հրահանգները հարկավոր է ընտրել հստակ և հակիրճ․ չափից շատ խոսելը, երկար ու բարդ զրույցը կարող է երեխայի մեջ վախի զգացում ձևավորել, ավելի խճճել։ Երևույթը նկարագրելու համար կայուն գործածեք նույն բառերն ու բառակապակցությունները։
6. Զարգացրե՛ք երեխայի բառապաշարը՝ ընձեռելով արտահայտվելու հնարավորություն։ Ցանկալի է, որ այդ բառապաշարը լինի համահունչ պարտեզում կիրառվող բառապաշարին, որպեսզի երեխան կրկին չխճճվի։
7. Եղե՛ք համբերատար։
8. Եթե համարում եք, որ երեխան պատրաստ է, ապա տրամադրվե՛ք դրական՝ փոքրիկ անհաջողությունների մասին երբևէ երեխայի մոտ չխոսելով։
9. Խրախուսե՛ք․ երեխայի պետքարանի մոտ ունեցե՛ք խրախուսման որևէ պաստառ, որի վրա կարող եք փակցնել սիրելի հերոսների պատկերներ, աստղիկներ կամ որևէ այլ կպչուն պատկեր՝ ամեն անգամ հաջողությունն արձանագրելու դեպքում։
10. Ընտանիքի անդամների, պարտեզի օժանդակ կազմի աշխատակիցների հետ աշխատե՛ք համախմբված․ սա չի նշանակում, սակայն, որ բոլորը պետք է մասնակցեն երեխային տակդիրից ազատելու գործընթացին։ Նախանշե՛ք սահմանները,պայմանավորվե՛ք ընտանիքի անդամների հետ, որ դեպքում ինչպես է պետք վարվել և ընտանիքում փորձեք կատարել աշխատանքի բաժանում (վարժեցման ինտենսիվ օրերին ով է ավելի շատ հետևելու երեխային, ով է կատարելու այլ աշխատանքները և այլն)։
11. Եթե երեխան կտրուկ հրաժարվում է և տհաճություն է զգում, երեխայի համար ընթացքը սթրեսային է, դադար տվեք՝ նորից սկսելով մեկ-երկու շաբաթ հետո։
12. Մեկնարկե՛ք վարժեցումը, երբ համեմատաբար քիչ է ձեր զբաղվածությունը և վստահ եք, որ կարող եք ավելի երկար ժամանակ տրամադրել երեխային (արձակուրդներին, ոչ աշխատանքային օրերին և այլն)։ Ցանկալի է վարժեցումը մեկնարկել ամառը, տաք եղանակին։
13. Երեխային մի՛ ստիպեք ամեն անգամ 5 րոպեից ավելի նստել զուգարանակոնքի կամ գիշերանոթի վրա, քանի որ դա արդեն վերածվում է պատժի։ Գործընթացը երեխայի համար պիտի լինի հաճելի։
14. Թեթև հագցրե՛ք երեխային․ եթե ամառ է, միայն ներքնազգեստ հագցնելը դյուրին կդարձնի աշխատանքը։
15. Միասին վերացրե՛ք հետևանքները․ եթե երեխան աղտոտել է տան հատակը՝ նրան նույնպես ներառե՛ք մաքրելու գործընթացում՝ կրկին վերածելով խաղի, բացատրելով պատճառահետևանքային կապերը։ Եթե հաջողվել է և պետքարանում է արել՝ միասին լցրեք զուգարան, թող ջուրն էլ ինքնուրույն քաշի, լվացվի և այլն։
Վերջում տեղեկացնենք, որ ըստ վիճակագրության, մինչև 18 ամսական կատարում ենք ավելի քան 2000 փորձ գիշերանոթ նստեցնելու համար, 18 ամսականից հետո՝ ընդամենը 100։