Share on facebook
Share on twitter
Share on linkedin

Երկլեզվության առավելությունները

ԵՐԿԼԵԶՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս փոքրիկ նյութի միջոցով փորձել ենք հակիրճ ներկայացնել, թե որքան կարևոր է մի քանի լեզվի իմացությունը՝ հատկապես մանկության վաղ շրջանից սկսած: Երկլեզվությունը նպաստում է հաղորդակցային հմտությունների զարգացմանը, բայց՝ ոչ միայն: Միլանի  համալսարաններից մեկում մի քանի գիտնականներ ուսումնասիրել ու համադրել են մեկ լեզվով խոսող և երկլեզվակիր մարդկանց ուղեղի նկարները: Պարզվել է, որ ուղեղի կեղևի կենսագործունեությունն ապահովող գորշ նյութն ավելի շատ է այն մարդկանց մեջ, որոնք խոսում են մեկ և ավելի լեզուներով: Այսինքն՝ մեկ և ավելի լեզուներ իմացող մարդկանց  ուղեղի կենսագործունեությունն ավելի ակտիվ է, ավելի դինամիկ։ Վերջին տարիներին հրապարակվել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք փաստում են երկլեզվության դրական ազդեցությունը մարդու առողջության, մտածողության վրա: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ պարզվում է, որ երկլեզվությունը պաշտպանում է մարդու ուղեղը: Բոլորիս հայտնի է «դեմենցիա» հիվանդությունը, որը մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատումն է, պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծվածությամբ:

Նյու Յորքի համալսարաններից մեկում կատարվել է ուսումնասիրություն, ըստ որի  երկլեզու մարդիկ դեմենցիայի հանգեցնող ախտանիշներ ուշացումով են ունենում: Երկլեզվությունը չի ապահովագրում մարդուն դեմենցիայից, ուղղակի երկլեզու մարդիկ մոտ չորս տարի ավելի ուշ են ախտանիշներ ունենում, քան նույն հիվանդության պաթոլոգիա ունեցող միալեզու մարդիկ: Ավելի պարզ ասած՝ երկլեզու մարդկանց ուղեղը չի հասցնում ծերանալ։ Մեկ այլ ուսումնասիրություն, որի նպատակն է եղել  պարզել  երկլեզվության ազդեցությունը «Ալցհայմերի» հիվանդության վրա, հանգեցրել է այն բանին, որ երկլեզու մարդիկ, ովքեր ունեն տվյալ հիվանդության նախատրամադրվածությունը, նորից ախտանիշներ են ունեցել չորսից հինգ տարի անց միայն՝ ի տարբերություն մեկ լեզվով խոսող մարդկանց:

  • Երկլեզվակրության շնորհիվ մարդիկ ավելի արագ են կարողանում կողմնորոշվել կյանքում, միաժամանակ ծառացած  խնդիրներին կարողանում են արագ և արդյունավետ լուծումներ գտնել:
  • Երկլեզու մարդկանց  հաջողվում է կատարել մի քանի առաջադրանք միաժամանակ և առանց մտավոր հոգնածության։
  • Երբ մարդու ուղեղն անցում է կատարում մի լեզվից մյուսը, այդ ընթացքում մշակում է նաև «մուտքագրված» ինֆորմացիան: Այս է պատճառը, որ երկու և ավելի լեզու իմացող մարդիկ մտածում են ավելի արագ։
  • Երկլեզվության շնորհիվ կարող են ակտիվանալ մաթեմատիկական ունակություններն ու արագ ընթերցանության հմտությունները։
  • Երկլեզվությունն օգնում է բարձրացնել մտավոր աշխատանքի արդյունավետությունը և հետագայում, բնականորեն, ընդլայնում է բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունը, հավանականությունը:
  • Երկու և ավելի լեզվի տիրապետող մարդը բազմաֆունկցիոնալ է։
  • Երկլեզվությունը կարող է մեղմել ուղեղի տարատեսակ հիվանդությունների և տրավմատիկ վնասվածքների բացասական հետևանքները:

Սիրե՛ք սովորել նոր լեզուներ և նույնն ուղղորդեք նաև ձեր երեխաներին: Շարունակ գլոբալիզացվող աշխարհում առանց օտար լեզվի նույնն է, թե մարդը հայտնվի բացարձակ խավարում՝ առանց լապտերի։

 

 

 

.