Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

 

ՁԵՐ ԲԱԼԻԿԸ ԴՊՐՈ՞Ց Է ՀԱՃԱԽԵԼՈՒ

Եթե Ձեր երեխան պատրաստվում է սեպտեմբերից հաճախել դպրոց, մի քանի կարևոր խորհուրդ ենք ներկայացնում, որոնք կօգնեն  նախապատրաստել նրան դպրոցական նոր առօրյային հոգեբանորեն:

  1. Տանը հաճախ կազմակերպեք սյուժետադերային խաղեր՝ սիրելի խաղալիքների միջոցով: Խաղարկեք խաղալիքներ, հատկապես կենդանիներ, որոնք նաև ունեն ձագեր: Առաջ քաշելով որևէ խնդիր, օրինակ՝ փիղը վախենում է ինչ որ բանից, ի՞նչ անենք, որ չվախենա ու իր ձագուկին պաշտպանելու կարիք չունենա: Ստեղծեք երեխայի համար ուսուցչի կերպար, որն աշխատում է դպրոցում, հոգատար է և կօգնի փղի և ձագի խնդիրը լուծել, քանի որ դպրոցում ուսուցիչները խելացի են ու բարի:
  2. Նախակրթարանից դեպի դպրոց անցման մասին աշխատեք երեխայի հետ զրուցել միշտ դրականորեն՝ միևնույն ժամանակ ձգտելով, որ նա չզգա ծնողական Ձեր անհանգստությունն այդ ընթացքում:
  3. Մինչ երեխան կսկսի կանոնավոր հաճախել դպրոց, աշխատեք նախօրոք միասին լինել այդ դպրոցում, ծանոթացնել  միջավայրին, հնարավորություն ստեղծեք, որ խոսի, շփվի իր իսկ ուսուցչուհու հետ: Լուսանկարեք դպրոցն ու երեխայի դասասենյակը, երեխային՝ ապագա  ուսուցչուհու հետ: Այս դեպքում փոքրիկի մեջ կփոխվի նաև դպրոցում իրեն օտար զգալու նախատրամադրվածությունը:
  4. Եթե սույն դպրոցում գործում են ամառային նախապատրաստական դասընթացներ, անպայման ներառեք նաև Ձեր ապագա դպրոցականին: Նա այդպես կընտելանա միջավայրին, հաճախ նաև համադասարանցիներին:
  5. Պատմեք փոքրիկին, թե ինչպիսին են եղել Ձեր զգացողությունները դպրոց հաճախելուց առաջ, հատկապես այն մասին, որ իրականում զուր եք անհանգստացել և ամեն ինչ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, քանի որ դպրոցում նույնպես մանկավարժները, համադասարանցիները ջերմ են ու ընկերական, ինչպես նախակրթարանում:
  6. Եթե փոքրիկն ունի իրենից մեծ քույր կամ եղբայր, խնդրեք, թող պատմեն իրենց փորձառությունից դպրոցում ուսումնառելու մասին:
  7. Խոստովանեք երեխային, որ նորմալ են իր վախերը նոր միջավայրում հայտնվելու առումով, բայց և պարբերաբար հիշեցրեք, որ նա յուրաքանչյուր նոր օր՝ անցկացրած դպրոցում, իրեն ավելի լավ ու վստահ է զգալու: Պետք է կարողանալ որպես ծնող ընդունել ու ճանաչել երեխայի վախը, միայն այդպես հնարավոր կլինի օգնել նրան հաղթահարել:
  8. Այդ տարիքում երեխան կարիք ունի համոզվելու, որ ծնողը հասկանում, հավատում ու զգում է վախը:
  9. Միշտ հատկացրեք ժամանակ ու տրամադրություն, որ երեխան խոսի Ձեզ հետ վախերի, անհանգստությունների մասին, կարևորեք ու վերլուծեք նրա տեսակետը:
  10. Երեխայի հետ միասին հորինեք պատմություն՝ «Իմ առաջին օրը դպրոցում» վերնագրով, ուր նա կլինի գլխավոր հերոսը, հաղորդեք պատումին դրական զգացողություններ, իսկ հեքիաթը, բնականաբար, կունենա բարի հանգուցալուծում և կմնա նրա ենթագիտակցության մեջ:
  11. Անչափ կարևոր է նաև փոքրիկի մեջ ինքնասպասարկման հմտությունների ձևավորումը, որ կարողանա հետևել ինքնուրույն հիգիենայի պարզ կանոններին: